«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը:
Հունիսի 28-ին «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում, ՀՀ օրհներգի կատարումից հետո, բացվեց «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը՝ 150 պատվիրակների մասնակցությամբ:
Հաստատվեցին համագումարի օրակարգը, քարտուղարության և հաշվիչ հանձնաժողովի կազմերը: Լսվեցին և ի գիտություն ընդունվեցին կուսակցության վարչության, Ազգային ժողովի համանուն խմբակցության ու Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության հաշվետվությունները, որոնք ներկայացրին համապատասխանաբար Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը և Անահիտ Բախշյանը:
Համագումարում ծրագրային ելույթով հանդես եկավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ի մասնավորի անդրադառնալով նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական կյանքի առանցքային խնդիրներին ու արտաքին քաղաքականության մարտահրավերներին:
Այնուհետև համագումարը լսեց Կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Լիգիա Մելքումյանը, և միաձայն ընդունեց «Կուսակցության կառուցվածքն ու կառավարումը» բաժնում առաջարկված երկու փոփոխությունները: Ըստ այդմ՝ կուսակցության վարչության թվակազմը 11 անդամից հասցվեց 15-ի, ինչպես նաև սահմանվեց, որ հետայսու ՀՀ իշխանության ներկայացուցչական մարմիններում՝ ԱԺ-ում և մայրաքաղաքի ավագանիում, «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները կուսակցության վարչության նիստերին կմասնակցեն խորհրդակցական ձայնի իրավունքով, եթե վարչության ընտրված անդամներ չեն հանդիսանում:
Հետմիջօրեին տեղի ունեցան նոր վարչության առաջադրված թեկնածուների, ինչպես և Վերստուգիչ ու Կանոնադրական հանձնաժողովների ընտրությունները:
Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը և Ռշտուն Մարտիրոսյանը, տնտեսագետ-լրագրող Հրայր Մանուկյանը, քաղաքագետներ Ստեփան Հասան-Ջալալյանը, Ֆիլիպ Արզումանյանը և Հովսեփ Ղազարյանը, ոճաբան Գայանե Աբասյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:
Համագումարը միաձայն ընդունեց բանաձև՝ վերահաստատելով իր հավատարմությունը համազգային նպատակներին: Նրանում մասնավորապես ասված է. «Հայաստանի փրկության բանաձևն անփոփոխ է՝ Ազատություն, Ինքնիշխանություն և Ազգային շահ: Միայն այն ժամանակ և այն հանգամանքում մենք արժանի կլինենք մեր Դրոշին, երբ կարողանանք հաղթահարել նեղկուսակցական, խմբակային շահերը և բոլորանվեր, համերաշխված գործել սահմանադրական հեղափոխության, այն է՝ արտահերթ ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգով՝ առանց հապաղելու, առանց տուրք տալու քաղաքական խաղերին ու պատեհապաշտական նկրտումներին»:
Ավելի ուշ տեղի ունեցավ նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը, քարտուղար՝ Գայանե Աբասյանը, միջազգային հարաբերությունների գլխավոր քարտուղար` Զարուհի Փոստանջյանը, և մամլո քարտուղար՝ Դավիթ Սանասարյանը: